National Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.amNational Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.am
HOME | MAIL | SITEMAP
Armenian Russian English French
Արխիվ
27.04.2024

Երկ Երք Չրք Հնգ Ուր Շբթ Կիր
01 02 03 04 05 06 07
08 09 10 11 12 13 14
15 16 17 18 19 20 21
22 23 24 25 26 27 28
29 30
 
01.07.2022
Քննարկվել է ՀՀ ԱԺ պատգամավոր Վահե Հակոբյանի՝ որպես Տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի լիազորությունների դադարեցման մասին ԱԺ որոշման նախագիծը
1 / 5

Ազգային ժողովի հուլիսի 1-ին հրավիրած արտահերթ նիստում քննարկվել է «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության հեղինակած Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի պատգամավոր Վահե Հակոբյանի՝ որպես Տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի լիազորությունների դադարեցման մասին ԱԺ որոշման նախագիծը:

Հիմնական զեկուցող Ծովինար Վարդանյանը նշել է, որ համաձայն «Ազգային ժողովի կանոնակարգ» օրենքի 138-րդ հոդվածի՝ մշտական հանձնաժողովների նախագահների եւ նրանց տեղակալների պաշտոններում պատգամավորների կազմից թեկնածուների առաջադրման իրավունքը խմբակցությունների միջեւ բաշխվում է Ազգային ժողովի առաջին նստաշրջանի բացման օրը` ըստ յուրաքանչյուր պաշտոնի համար ստացված գործակցի, որն էլ հաշվարկվում է համապատասխան բանաձեւով:

Ծովինար Վարդանյանի խոսքով՝ Տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի կարգավորման դաշտում են գործունեության այնպիսի կարեւոր ոլորտներ, ինչպիսիք են՝ հարկեր, տուրքեր, վճարներ, արդյունաբերություն, քաղաքաշինություն, էներգետիկա, բնական պաշարներ, տրանսպորտ, կապ, հեռահաղորդակցություն, ինտերնետ (համացանց), արտադրական ենթակառուցվածքի այլ ճյուղեր, զբոսաշրջություն, առեւտուր եւ ծառայություններ, ձեռնարկատիրական գործունեություն, պետական գույքի կառավարում, սակագներ, ներդրումներ, տնտեսական մրցակցություն, հակամենաշնորհ եւ այդ ոլորտները կարգավորող օրենքներ:

«Ազգային ժողովի ութերորդ գումարման առաջին օրացուցային կիսամյակի ընդհանուր 342 քվեարկությունից Վահե Հակոբյանը չի մասնակցել 194-ին: Ազգային ժողովի ութերորդ գումարման ընթացքում հրավիրված 25 Խորհրդի նիստից բացակայել է 20 անգամ: Ազգային ժողովն ութերորդ գումարման ընթացքում ընդունել է 253 օրենք, որից 83-ի համար գլխադասային է եղել Տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովը: ՀՀ Ազգային ժողովի ութերորդ գումարման ընթացքում ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովը կազմակերպել է 27 հերթական եւ արտահերթ նիստ: Հանձնաժողովի նախագահը նիստերի նախապատրատման, կազմակերպման աշխատանքներին չի մասնակցել, չի նախագահել 11 նիստ, այնուհետեւ քարտուղարությանը հանձնվող վերոնշյալ թվով նիստերի օրակարգերը եւ արձանագրությունները նախագահի կողմից չեն ստորագրվել: Նրա կողմից չեն ստորագրվել նաեւ քարտուղարությանը հանձնվող օրակարգերի արձանագրությունները, հանձնաժողովում դրական եզրակացություն ստացած օրենքի նախագծերի եւ մի շարք այլ փաստաթղթեր»,-նշել է հիմնական զեկուցողը:

Պատգամավորն ընդգծել է՝ հաշվի առնելով, որ Հայաստանի Հանրապետությունը խորհրդարանական պետություն է, մշտական հանձնաժողովներն Ազգային ժողովի կարեւորագույն մարմին են եւ «Ազգային ժողովի կանոնակարգ» սահմանադրական օրենքի 10-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ ստեղծվում են օրենքների նախագծերի, Ազգային ժողովի իրավասության մեջ մտնող այլ հարցերի նախնական քննարկման եւ դրանց վերաբերյալ Ազգային ժողով եզրակացություններ ներկայացնելու, ինչպես նաեւ խորհրդարանական վերահսկողություն իրականացնելու համար, հետեւաբար մշտական հանձնաժողովների նախագահների ընտրությունը կարեւորվել է այնքանով, որ չի թողնվել միայն խմբակցությունների հայեցողությանը, եւ մշտական հանձնաժողովի նախագահի թեկնածուն կարող է ընտրվել հանձնաժողովի նախագահ միայն պատգամավորների ձայների մեծամասնությամբ:

«Ազգային ժողովի կանոնակարգ» սահմանադրական օրենքի 138-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն՝ մշտական հանձնաժողովների նախագահների թեկնածուների առաջադրման իրավունքը պահպանվում է մինչեւ Ազգային ժողովի լիազորությունների ավարտը: Հետեւաբար, հաշվի առնելով վերոգրյալը, «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությունն Ազգային ժողովի պատգամավոր Վահե Հակոբյանին՝ որպես Տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի լիազորությունների դադարեցման մասին Ազգային ժողովի որոշման ընդունմամբ նպատակ ունի հետագայում ընտրելու հանձնաժողովի նախագահի, ով կկատարի իր պարտականությունները հավուր պատշաճի` ապահովելով հանձնաժողովի բնականոն գործունեությունը, միաժամանակ կմասնակցի ԱԺ խորհրդի նիստերին, որտեղ «Ազգային ժողովի կանոնակարգ» սահմանադրական օրենքի 27-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն ի պաշտոնե ընդգրկված են մշտական հանձնաժողովներ, նախագահները»,- եզրափակել է Ծովինար Վարդանյանը:

ԱԺ փոխնախագահ Հակոբ Արշակյանի տեղեկացմամբ` «Ազգային ժողովի կանոնակարգ» սահմանադրական օրենքի 150-րդ հոդվածի 4-րդ մասի համաձայն՝ հիմնական զեկույցից հետո ելույթ կարող է ունենալ եւ հարցերին պատասխանել, ինչպես նաեւ եզրափակիչ ելույթով հանդես գալ մշտական հանձնաժողովի նախագահը: «Նման ելույթի հնարավորություն ուներ ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Վահե Հակոբյանը, սակայն նա բացակայում է դահլիճից»,- նշել է ԱԺ փոխխոսնակը:

Հակոբ Արշակյանը տեղեկացրել է, որ «Ազգային ժողովի կանոնակարգ» սահմանադրական օրենքի 150-րդ հոդվածի 4-րդ մասի համաձայն՝ մշտական հանձնաժողովի նախագահի լիազորությունների դադարեցման մասին ԱԺ որոշումն ընդունվում է գաղտնի քվեարկությամբ, քվեարկությանը մասնակցող պատգամավորների ձայների մեծամասնությամբ, եթե քվեարկությանը մասնակցել է պատգամավորների ընդհանուր թվի կեսից ավելին:


27.04.2024
Հայաստան էր այցելել Ֆրանսիայի Սենատի Ֆրանսիա-Հայաստան բարեկամական խմբի պատվիրակությունը
Հայաստանում էր Ֆրանսիայի Սենատի Ֆրանսիա-Հայաստան բարեկամական խմբի ղեկավարի գլխավորած պատվիրակությունը: Հյուրերն այցելել են Ծիծեռնակաբերդի հուշահամալիր, ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի հետ քննարկել են Հարավային Կովկասում անվտանգային իրավիճակն ու արդյունավետ փոխհամագործակցության հարցեր: Մանրամասները՝ տեսանյ...



ԱԺ Նախագահ  |  Պատգամավորներ|  ԱԺ խորհուրդ  |  Հանձնաժողովներ  |  Խմբակցություններ  |  Աշխատակազմ
Օրենսդրություն  |   Նախագծեր  |  Նիստեր  |   Լուրեր  |  Արտաքին հարաբերություններ   |  Գրադարան  |  Ընտրողների հետ կապեր  |  Հղումներ  |  RSS
|   azdararir.am